Գյումրիում ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են.
«Հուլիսի 30-ին «www.asparez.am» լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետևանքով Գյումրիում կին և անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի և News.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը Գյումրի քաղաքում կատարվող խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն:
Քայլերթի մասնակիցների հավաստմամբ` իրավիճակը հրահրել և վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:
Ընդհարումից հետո ակտիվիստները արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:
Ըստ նշված լրատվամիջոցի հրապարակման` ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես` ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են բերման ենթարկել, «News.am» կայքի լրագրողը և մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել:
Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին