Այսօր պոեզիայի մեծ մասը գրվում է «Ֆեյսբուքի» ստատուսի սկզբունքով. Ա.Նիկողոսյան
Այսօր գրականության տարածման, քարոզման մեծագույն հարթակը սոցիալական ամենատարբեր կայքերն են, անձնական բլոգները, հեղինակների կայքերը, այսինքն այդ դաշտում բոլորը հավասար են,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Դա դրական միտում է, բայց մյուս կողմից էլ բերում է որոշակի քաոսայնության. դժվարությունների չհանդիպելով՝ երիտասարդ գրողները, իհարկե, ոչ բոլորը, մի փոքր ավելի շուտ են հղփանում, բնական գրական արգելքներ չհաղթահարելու երևույթը երբմեն բացասականորեն է անդրադառնում իրենց վրա»,- նշեց նա:
Գրականագետի դիտարկմամբ, շատ հեղինակներ խաբվում են «Ֆեյսբուքում» իրենց տեղադրած ստեղծագործությունների «լայքերով, «կիսվելով», սակայն երբ գալիս է գիրքը որպես այդպիսին շրջանառելու խնդիրը, բախվում են պրոբլեմներին:
«Հիմնականում բանաստեղծությունների դեպքում է: Արձակի դեպքում վիճակն այլ է: Պատճառներից մեկն այն է, որ արձակը ֆեյսբուքյան տիրույթի համար այդքան հարմար չէ: Բացի այդ՝ արձակը, հատկապես վեպի ժանրը, Հայաստանոմ ավելի լավ է սպառվում»,- նշեց նա:
Գրականագետի խոսքով, Հայաստանում գրական թերթերը, ամսագրերը մեծ տեղ են հատկացնում ժամանակակից հեղինակներին, մշակույթի նախարարության աջակցության շրջանակում տարեկան 10-15 գիրք է տպագրվում:
Խոսելով արդեն որակի մասին, Ա.Նիկողոսյանը նշեց, որ վերջին 1-2 տարում որակի անկում է նկատում, պատճառը՝ ամենաթողությունը, քաոսայնությունը, թեպետ փայլատակումներ լինում են:
«Անկումը վերաբերում է հատկապես պոեզիային, հեշտագրության պես բան եմ նկատում բանաստեղծությունների մեջ, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում: Սա էլ բխում է «Ֆեյսբուքի» ստատուսի սկզբունքից: Պոեզիայի մեծ մասը գրվում է «Ֆեյսբուքի» ստատուսի սկզբունքով, ինչը իր վնասներն է բերում: Գրականությունը միշտ էլ ունենում է վերելքների, վայէջքների պահեր»,- ասաց նա:
Միաժամանակ, ըստ Ա.Նիկողոսյանի, այսօրվա հեղինակներն ավելի ճանաչված են հասարակության շրջանում:
«Ժամանակակից հեղինակի գործառույթն է լավ գրականություն ստեղծելը, այնպիսի գրականության, որն իր մեջ կունենա տվյալ ժամանակի պատկերը: Ժամանակի լավագույն վկայագիրը հենց գրականությունն է»,- ասաց նա:
Միաժամանակ Ա.Նիկողոսյանը հավելեց, որ ընթերցանության խթանումը կարևոր է, որովհետև խթանում է մարդկանց ինքնազարգացմանը, ձևավորում է Հայաստանի ավելի լավ քաղաքացիներ:
«Հենց ընթերցանության խթանման հետ եմ կապում վերջին տարիներին երիտասարդների կողմից տարբեր հարթակներում ակտիվ քաղաքացիական գործունեություն ծավալելը»,- ասաց Ա.Նիկողոսյանը: