Գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է լուրը:
Նա նշել է, որ Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարողանալու շարունակել աշխատանքը: Թե ինչ խնդիրներ են դրանք, Մելքոնյանը չի մանրամասնել:
Հիշեցնենք, որ Գ. Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 01.10.2013 թվին՝ Ազգային ժողովի որոշմամբ։
Ավելի ուշ Քրիստինե Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հարգելի գործընկերներ
Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:
Պաշտոնական հաղորդագրությունը քիչ անց՝ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում»:
Նշենք. որ ՀՀ Սահմանադրության 177 հոդվածը սահմանում է.
«1. Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
2. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:
3. Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան