Սուրենյան. Առաջիկա 5 օրերին բարձր ջերմային ֆոնը կպահպանվի
Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
«Օդի ջերմաստիճանը վերջին երկու օրերին զգալի բարձրացել է և երեկ մայրաքաղաքում արդեն գրանցվել է +36 աստիճան տաքություն: Այսօր նույնպես ջերմաստիճանը կբարձրանա մոտ 1-2 աստիճանով Երևանում հասնելով +37 աստիճանի և կմնա անփոփոխ մինչև օգոստոսի 9-ը: Օգոստոսի 10-ին ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ արդեն հասնելով +38 աստիճանի»,-Panorama.am-ի հետ զրույցում առաջիկա օրերի վերաբերյալ կանխատեսումները ներկայացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, չնայած բարձր ջերմային ֆոնին ուշ երեկոյան և գիշերվա առաջին կեսին հատկապես հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում շարունակվում է պահպանվել ամպրոպային բնույթի կարճատև անձրևների հավանականությունը, մյուս մարզերում երեկոյան կլինեն ամպրոպներ, քամու ուժգնացում սակայն անձրևի հավանականությունը փոքր է: Օգոստոսի 10-ից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն:
«Նշեմ նաև, որ հուլիս ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանն եղել է նորմայի սահմաններում, սակայն տեղումների քանակը 1.5-2 անգամ գերազանցել է նորման: Իսկ օգոստոսին կանխատեսվում է մոտ 1 աստիճանով նորմայից բարձր ջերմաստիճան, իսկ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում»,-ասաց Գ. Սուրենյանը: