«Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել. Փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանը երեկվանից հայտարարել է հացադուլ, հրաժարվում է բժշկական օգնությունից,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա.Պետրոսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը:
«Նա ցանկանում է, հորդորում է, որ իր հետ հանդիպեն կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը: Եթե հանդիպումը կայանա, հարկ եղած դեպքում կամ իրենք այդ մասին կհայտարարեն, կամ Աշոտ Պետրոսյանի թույլտվությամբ, թե ինչու է այդ հանդիպումը ցանկացել, մենք կհայտարարենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Նշենք, որ ի տարբերություն «Սասնա ծռեր» խմբի մի քանի այլ անդամների, Ա. Պետրոսյանին չի առաջադրվել մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը): Փաստաբանի խոսքով, Ա.Պետրոսյանը, ինչպես նաև իր պաշտպանյալներից Հովհաննես Հարությունյանը, խմբի մի քանի այլ անդամներ, գտնվել են արդեն ՊՊԾ գնդի տարածքից դուրս, երբ, ըստ քննիչների, խմբի մյուս անդամները պատանդ են վերցրել բուժաշխատողներին:
Ա.Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է, այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Հիշեցնենք, որ նրան նախապես առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչի խմբի մի շարք անդամների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան