Դատարանը մերժել է Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական հերթական նիստում տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացրել Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Ըստ էության, այդ միջնորդությունը կազմված է երկու մասից: Առաջինը` Ավետիսյանների տանը` Մյասնիկյան 188 հասցեում, քննչական փորձաքննություն իրականացնել` Ավետիսյանների ընտանիքի անդամների գտնվելու վայրի և Պերմյակովի գործողությունների վերաբերյալ: Երկրորդ` Պերմյակովի ինքնաձիգից կրակոցների լսելիության վերաբերյալ:
Գործով տվյալ հասցեում փորձաքննություն չի իրականացվել, այլ ռուսական կողմն իրականացրել է նմանատիպ փորձաքննություն` Ավետիսյանների տան նման մոդուլ կառուցելով: Եթե, ըստ դատախազ Գևորգ Գևորգյանի, փորձաքննությունը ժամանակավրեպ է, ապա, ըստ Սաքունցի, դա անհրաժեշտ է օբյեկտիվությունից ելնելով, քանի որ ամբաստանյալն ընդհանրապես գործի ընթացքում Ավետիսյանների տուն չի տարվել:
Միջնորդության առաջին մասով բավարարման համար անհրաժեշտ է ամբաստանյալի ցանկությունը, սակայն փորձաքննությանը մասնակցելու ցանկության վերաբերյալ Պերմյակովի դատապաշտպանի հարցին ի պատասխան ամբաստանյալը հրաժարվել է:
«Չեմ կարող, չեմ ցանկանում»,- եղել է Պերմյակովի պատասխանը:
Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հարցրել է` արդյո՞ք Պերմյակովը մտավախություն ունի, որ նման փորձաքննության մասնակցելով վտանգում է իր կյանքը, մեղադրյալը պատասխանել է, որ ոչ, պարզապես չի ցանկանում, չի կարող: Միջնորդության այս մասը մերժվել է դատարանի կողմից:
Ավելի ուշ բուռն քննարկումներից հետո մերժվել է նաև կրակոցների լսելիության միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Պերմյակովը մեղադրվում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Սպանությունը կատարելուց հետո նա իր զինվորական հագուստը թողել էր Ավետիսյանների տանը և դուրս եկել տնից, շարժվել դեպի հայ-թուրքական սահման: Ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովը դատարանում խոսել է
- Պերմյակովը ցուցմունք չտվեց
- Դատարանում հրապարակվել է հանցանքից հետո ծնողներին ուղղված Պերմյակովի նամակը
- Պերմյակովն առողջ է եղել, սիրել է շանսոն, աղջիկներին մաստակ է նվիրել. Փորձաքննություն
- Ինչ է արել Պերմյակովը շինարարների տնակում
- Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
- Պերմյակովի գործով կարևորագույն վկաները չեն ներկայանում դատարան
- Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել
- Բոլորին գյուլլել են, մինակ երեխեն ա շնչում. Պերմյակովի գործով վկայի ցուցմունքները