Ոստիկանություն. Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ոստիկանապետի ցուցումով
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը քաղաքացիական հագուստով մասնակցություն է ունեցել ս/թ. հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին և իբր բռնություններ կատարել:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընթացող ծառայողական քննության շրջանակներում, մինչ այս պահը առկա նախնական արդյունքներով չի պարզվել գոնե մի դեպք, որ Գագիկ Զոհրաբյանը կատարած լինի բռնություններ:
Բացի այդ, Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ՀՀ ոստիկանության պետի ցուցումով, որպես օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակից կատարել է իր ծառայողական պարտականությունները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ տեղեկությունների ստուգման ուղղությամբ: Այդ օրը բռնություն է գործադրվել նաև Գ. Զոհրաբյանի նկատմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Գ. Զոհրաբյանը որևէ առնչություն չունի լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում «ոմն Պավել Սասունյանի» դրսևորած խուլիգանական վարքագծի հետ:
Նկատի ունենալով, որ հայտնի դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է քրեական գործով քննություն, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այլ տեղեկություններ կհրապարակվեն դրանց ավարտից հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան