Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են. Միքայել Մանուկյան
«Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնելով «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակը, որոնք բուժում են ստանում իրենց բժշկական կենտրոնում, նշեց, որ ամենածանր փուլն անցել են, հիմա վերականգնողական շրջանն է:
Նա ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներից Արմեն Լամբարյանի ձախ ոտքը վիրահատել են, ստացել էր հրազենային բեկորային կոտրվածք, վնասված նյարդեր չկան, հիմա վերքը լավանում է: Ըստ Միքայել Մանուկյանի խոսքի՝ ժամանակ է պետք, որ նա լիարժեք ապաքինվի. «Լամբարյանի վիճակը գնահատվում է կայուն: Ինքն արդեն հիվանդասենյակում է, իսկ դա արդեն հաղթանակ է»:
Ինչ վերաբերում է Թաթուլ Թամրազյանին, որը ստացել է երիկամի և հաստ աղիքի վնասվածք, նրա վիճակը նույնպես բարելավվում է: Ըստ ԲԿ-ի գործադիր տնօրենի՝ Թ.Թամրազյանի երիկամը հեռացրել են, աղիքը հանել են դուրս, վեց ամիս հետո պետք է նորից վիրահատեն:
Խմբի անդամներից Սեդրակ Նազարյանի մոտ նույնպես կա դրական տեղաշարժ:
«Սեդրակը գիտակից է, նրա վիճակն էլ օրեցօր լավանում է, վիճակը գնահատում ենք դրական»,- ասաց Միքայել Մանուկյանը՝ հավելելով, որ նա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց մի քանի օրից կտեղափոխեն հիվանդասենյակ:
Նշենք, որ Սեդրակ Նազարյանը հուլիսի 31-ին հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի հատվածում: Նրան նույն օրը ՊՊԾ գնդից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատության էր ենթարկվել։
Անդրադառնալով «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակին, «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրենն ասաց, որ բոլորի վիճակը լավ է, վերքերը շատ լավ վիճակում են գտնվում. «Մենք այնտեղի բժիշկների հետ համատեղ ենք աշխատում, պարբերաբար կոնսիլիումներ ենք անում, որպեսզի վերքերը ճիշտ մշակեն»:
Դրսում կանգնած քաղաքացիներից մեկին հետաքրքրում էր Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը, սակայն Միքայել Մանուկյանը դժվարացավ պատասխանել, քանի որ նա այլ հիվանդանոցում է բուժում ստանում:
Հարցին, թե արդյոք Պավլիկ Մանուկյանը քայլելու է, Միքայել Մանուկյանն ասաց. «Այո՛, իհարկե, քայլելու է: Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են, ուղղակի ժամանակ է պետք»: