Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ
Հայ տանկիստները Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման երեք մրցավազքերի արդյունքներով դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի կիսաեզրափակիչ փուլ: rusarminfo.ru-ին այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության աշխատակից Վոլոդյա Տեր-Աստվածատրյանը:
«Տանկային բիաթլոն»-ի երրորդ մրցավազքի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված են եղել լեյտենանտ Գևորգ Բալայանը, նշանառու օպերատորը` կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանը, մեխանիկ վարորդը՝ Նարեկ Շառոյանը:
Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայ տանկիստները գրավել էին երկրորդ տեղը:
ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ երրորդ փուլում միմյանց հետ մրցել են Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իրանի, Չինաստանի զինված ուժերի և ՌԴ ԴՈՍԱԱՖ տանկային անձնակազմերը:
Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 26 րոպե 02 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Երրորդ մրցափուլի առաջատարն էր Հնդկաստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 36 վայրկյան ցուցանիշով: Երկրորդ տեղում է Չինաստանի զինված ուժերի տանկային անձնակազմը, որը մրցուղին անցել է 23 րոպե 41 վայրկյանում:
Հաջողությամբ հաղթահարելով «Անհատական մրցավազքի» երեք փուլերը` հայ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլին` «Էստաֆետին», որը կմեկնարկի օգոստոսի 9-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ փուլում ՀՀ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
- «Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել