Տ. Մանսուրյանը և Ռ. Ամիրխանյանը համաձայն են «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանին հանդիպել. փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանը շարունակում է դեռևս օգոստոսի 4-ից հայտարարած հացադուլը, հրաժարվում է նաև բուժօգնությունից,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա.Պետրոսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Ա.Պետրոսյանը ցանկանում է իր հետ հանդիպեն կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը:
«Առավոտյան խոսել եմ Ռոբերտ Ամիրխանյանի հետ, քիչ առաջ նաև Տիգրան Մանսուրյանի հետ: Նրանք, ըստ էության, համաձայն են այդ հանդիպմանը: Ռոբերտ Ամիրխանյանը Հայաստանում կլինի օգոստոսի 8-ին, այսօր հանդիպելու եմ Տիգրան Մանսուրյանի հետ, փորձենք ապահովել հանդիպումը կազմակերպելու աշխատանքները»,- ասաց Ա. Պապիկյանը:
Փաստաբանի խոսքով, հացադուլն ու բուժօգնությունից հրաժարվելը, բնականաբար, ազդում են Ա. Պետրոսյանի առողջական վիճակի վրա. «Նա հրազենային վիրավորում ունի և արդեն երրորդն օրն է սնունդ չի ընդունում, հրաժարվում է բուժօգնությունից, սակայն շարունակում է իր մնալ իր համոզմունքին»:
Արայիկ Պապիկյանը նաև խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանն է: Նա նույնպես գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Փաստաբանի խոսքով, Հ. Հարությունյանի առողջական վիճակն արդեն լավ է:
Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշումները փաստաբանը բողոքարկել է:
Երկուշաբթի նաև կբողոքարկի խմբի մյուս անդամ՝ Արայիկ Խանդոյանի կալանքի որոշումը:
«Այսօր հանդիպել եմ Արայիկին: Փոխանցում է, որ լավ է, կրկնում է իր թևավոր խոսքը՝ մենք կանգուն ենք մեր սարերի պես»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք՝ Ա. Պետրոսյանին և Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել. Փաստաբան
- Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվել են
- Իմ պաշտպանյալներին չի հետաքրքրում, թե իրենց որ հոդվածներով մեղադրանք կառաջադրվի. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան