Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. Եզրակացություն
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստում այսօր շարունակվեց գործով առկա գրավոր ապացույցների հետազոտումը:
Մասնավորապես, այսօր նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց Առողջապահության նախարարի հրամանով կազմված բժշկական հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը, որի համաձայն, ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառ է հանդիսացել «HELLP» սինդրոմը, ինչն էլ հանգեցրել է պոլիօրգանային անբավարարություն:
Ըստ ներկայացված եզրակացության, «հաշվի առնելով հղիի բարձր ջերմությունը, անհրաժեշտ էր հղիի հոսպիտալացումն իրականացնել հուլիսի 23-ին, ոչ թե հուլիսի 26-ին; Հոսպիտալիզացումը եղել է ուշացումով»:
Բացի այդ, նույն եզրակացության համաձայն, աննպատակային էր հղիի բուժումը նշանակել ամբուլատոր պայմաններում դեռ հուլիսի 23-ին և անհրաժեշտ էր բուժումն իրականացնել ստացիոնարի պայմաններում։
Մինչդեռ, նկատենք, որ Մերի Մարգարյանին հսկող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը նրան հեռախոսով և ամբուլատոր պայմաններում բուժում է նշանակել՝ հորդորելով ընդունել ջերմիջեցնող:
Նաև բժշկական հանձնաժողովը եզրակացրել է, որ նման մանկաբարձական իրավիճակը նախատեսում էր արագ ծննդօգնություն կեսարյան հատման միջոցով, սակայն դրան կարող էր խոչընդոտել բարձր ջերմությունը:
Հիշեցնենք՝ այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգիրք 130-րդ հոդվածի 2-րդ մաս):
Մեղադրանքը պաշտպանող դատախազը դատական առաջին նիստում ներկայացրել էր երկու ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ, Շուշանիկ Բախշյանը, որը հղի Մերի Մարգարյանի հղիությունը վարող բժշկուհին է եղել, մեղադրվում է այն բանի համար, որ «իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը»: Նույն արարքի համար է մեղադրվում նաև մյուս ամբաստանյալը՝ նույն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությանը պաշտպանական կողմը փաստաթղթերում հակասություններ է գտել
- «Աղջիկս ֆանտաստիկ ձևով էր վստահում Շուշանիկ Բախշյանին». Ցուցմունք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան