Էրդողանն ակնկալում է «նոր էջ» Պուտինի հետ հանդիպումից հետո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր, օգոստոսի 9-ին, բանակցություններ կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարների անձնական հանդիպումը վճռական խթան կտա ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացին ութամսյա ճգնաժամից հետո, որը սկիզբ էր առել 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցելուց հետո։
«Կարծիքներ կփոխանակվեն այն բանի շուրջ, թե ինչ տեմպերով ու հաջորդականությամբ ենք զբաղվելու մեր հարաբերությունների վերականգնմամբ»,- պետերբուրգյան հանդիպման նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստան այցի նախօրեին ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալին տված հարցազրույցում Էրդողանն ընդգծել է առաջիկա գագաթնաժողովի կարևորությունը։
«Դա կլինի պատմական այց, նոր սկիզբ։ Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, հավատում եմ, որ երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացվի։ Մեր երկրները պետք է շատ բան անեն միասին»,- ասել է նա։