Պուտինի ու Էրդողանի առանձնազրույցը երկու ժամ է տևել
Ռուս-թուրքական քաղաքական ճգնաժամից հետո այս երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպման շրջանակներում Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև նեղ ձևաչափով բանակցությունները տևել են մոտ 2 ժամ, որից հետո կողմերը սկսել են ընդլայնված կազմով երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը:
«Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ, ընդլայնված ձևաչափով բանակցություններում ռուսական կողմից մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արտաքին քաղաքականության պատասխանատու, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և սիրիական հակամարտության կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:
Թուրքական պատվիրակությունը ներկայացրել են փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը: Հանդիպմանը մասնակցում են նաև Թուրքիայի գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և տրանսպորտի նախարարները և Մոսկվայում Թուրքիայի դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն ակնկալում է «նոր էջ» Պուտինի հետ հանդիպումից հետո
- Էրդողանը ներկայացրել է, թե ինչ է ուզում խոսել Պուտինի հետ