ՊՊԾ գնդից առանց զենքի դուրս գալը տղաներին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է. Փաստաբան
«Սասնա ծռերի» գործով նախաքննության շրջանակներին խմբի բոլոր անդամներին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «կազմակերպված խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և կրելը» և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից»: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամների իրավական պաշտպանությունն իրականացնող փաստաբանների խմբի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբանի խոսքով, կալանքի հարցը որոշելիս հիմնավոր կասկածի առկայությունը պետք է հիմնավորեր նախաքննություն իրականացնող մարմինը՝ ներկայացնելով բավարար ապացույցներ, փաստական տվյալներ այն մասին, որ խմբի անդամները կարող են առնչություն ունենալ առաջադրված մեղադրանքի հետ: Մինչդեռ, նրա պնդմամբ, այդպես չի եղել:
«Բոլորին առաջադրված մեղադրանքները նույնաբովանդակ էին, ստանդարտ մոտեցումներով, որևէ մեկի գործողությունները անհատականացված չէին: Այսինքն՝ որևէ մեկի դեպքում որոշակիացված չէր, թե ասենք, հրազենը կամ զենք-զինամթերքը ինչպես և որտեղ են ձեռք բերել, ուր են փոխադրել և այլն»,- նկատեց փաստաբան Շուշանյանը:
Նա հստակեցրեց, որ պատանդ վերցնելու և պատանդ պահելու դեպքում խոսքը շտապ օգնության ծառայության երեք բուժաշխատողների մասին է խոսքը, ովքեր հուլիսի 27-ից մինչև հուլիսի 31-ը պահվել են պատանդի կարգավիճակում:
Սակայն կալանավորելու համար ներկայացված բուժաշխատողների ցուցմունքներով, ըստ Շուշանյանի, հնարավոր չէր եզրակացնել, որ կոնկրետ անձը զենքի կիրառմամբ պատանդ է վերցրել ու պատանդի կարգավիճակում պահել բուժաշխատողներին:
«Նախաքննական մարմինը պատանդ պահելու մեղադրանքի վերաբերյալ ներկայացրել էր միայն այդ երեք բուժաշխատողների ցուցմունքները: Ի դեպ, այդ ցուցմունքների հետ կապված այլ խնդիրներ ևս կան՝ նրանք բոլորը հարցաքննվել էին գիշերային ժամի, որը քրեական դատավարության օրենսգրքով անթույլատրելի է, բացառությամբ անհետաձգելի դեպքերում, իսկ դրա անհետաձգելիությունը չկար», -հավելեց Շուշանյանը:
Հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները հանձնվել են իրավապահներին և նրանց մոտ զենք չի եղել, հետևաբար փաստաբանի պնդմամբ, այդ դեպքում Քրեական օրենսգիրքը զենքը հանձնելը դիտում է քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք:
«Մենք պնդում էինք, որ եթե անգամ տղաները կրել են զենք կամ ռազմամթերք, ապա փաստ է, որ նրանք այդ հրազենը և ռազմամթերքը չի եղել գնդի տարածքից դուրս գալու ժամանակ, ինչը կրկնում եմ, քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք է: Մեր դիրքորոշումն այն է, որ չէր կարելի նրանց այդ հոդվածով մեղադրանք առաջադրվել», -հայտարարեց Շուշանյանը:
Նշենք, որ ՊՊԾ ներխուժած «Սասնա ծռեր» խմբում են եղել հետևյալ անձինք՝
1. Պավլիկ Մանուկյան
2. Տիգրան Մանուկյան
3. Գագիկ Եղիազարյան
4. Արեգ Կյուրեղյանը
5. Արամ Հակոբյանը
6. Արմեն Լամբարյանը
7. Սմբատ Բարսեղյան
8. Էդվարդ Գրիգորյան
9. Արմեն Բիլյան
10. Վարուժան Ավետիսյան
11. Մխիթար Ավետիսյան
12. Աշոտ Պետրոսյան
13. Թորոս Թորոսյան
14. Վարդան Գերավետյան
15. Գևորկ Իրիցյան
16. Սեդրակ Նազարյան
17. Արայիկ Խանդոյան
18. Սերգեյ Կյուրեղյան
19. Մարտիրոս Հակոբյան
20. Արթուր Սողոմոնյան
21. Հովհաննես Հարությունյան
22. Հովհաննես Վարդանյան
23. Ռուբեն Գրիգորյան
24. Արայիկ Հակոբյան
25. Արթուր Մելքոնյան
26. Էդգար Սողոմոնյան
27. Գևորգ Մելքոնյան
28. Գառնիկ Հովակիմյան
29.Արամ Մանուկյան (Պավլիկ Մանուկյանի տղան է)
30. Տիգրան Սարգսյան
31․Թաթուլ Թամրազյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան