Հղի կնոջ մահվան դեպքի առթիվ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար քրգործ է հարուցվել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում ծննդկան Տ. Գասպարյանի մահվան հանգամանքները: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հուլիսի 27-ին՝ ժամը 16:50-ին, «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Տ. Գասպարյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Տ. Գասպարյանը կեսարյան հատման եղանակով հուլիսի 26-ին ծննդաբերել է «ՍլավՄեդ» ԲԿ-ում , որտեղ հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Ըստ աղբյուրի, «ՍլավՄեդ» ԲԿ-ից և «Արմենիա» ՀԲԿ-ից առգրավվել են Տ.Գասպարյանի հիվանդության պատմագրերը, և ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան