«ԷլեկտրիկԵրևանի» հետքերով. Լրագրողին խոչընդոտելու համար ևս երկու ոստիկանի մեղադրանք է առաջադրվել
Հատուկ Քննչական ծառայությունը այսօր արդեն երկրորդ (առաջինը՝ այստեղ ) հաղորդագրությունն է տարածել, որով տեղեկացնում է ուղիղ մեկ տարի առաջ Երևանի կենտրոնում «ԷլեկտրիկԵրևան» ակցիայի շրջանակներում ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հետ կապված քրեական գործի զարգացումների մասին:
Ըստ հաղորդագրության, 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին և Ն. Պ.-ին:
Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015 թվականի հունիսի 23-ին, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:
ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Այսպիսով, հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նկատենք, որ ՀՔԾ-ն չի հրապարակել ոստիկանության ծառայողների ամբողջական անունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան