Եթե նորմալ մարդ լինի դատավորը, իմ երեխին անհիմն տեղը չեն պահի. Արարատ Խանդոյանի մայր
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արարատ Խանդոյանի բողոքի քննությունը, քանի որ Արարատին քրեակատարողական հիմնարկից չէին տեղափոխել դատարան: Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ չեն տեղափոխել տեխնիկական պատճառներով:
«Ուղեկցորդների հետ կապված խնդիր է առաջացել և չեն կարողացել տեղափոխել, և դատախազը միջնորդեց, որ առանց իմ պաշտպանյալի շարունակեն նիստ, սակայն ես առարկեցի, և դատարանը բավարարեց իմ միջնորդությունը», -ներկայացրեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Բողոքի քննության դատական նիստը կկայանա օգոստոսի 12-ին:
Ղարագյոզյանը պնդում է, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Արարատ Խանդոյանին կալանավորելու մասին «քաղաքական որոշում է» և ոչ թե իրավական:
Արարատ Խանդոյանին, հիշեցնենք, մեղադրում են զանգվածային անկարգություններ կազամակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
«Այդ ամենը հաստատող որևէ ապացույց քննիչի կողմից չներկայացվեց: Տեսանյութերում հստակ երևում է, որ Արարատ Խանդոյանը հանգստացրել է ու հանդարտվելու կոչեր է հնչեցրել: Մենք գտնում ենք, որ ինքը կալանավորվել է իր եղբոր՝ Արայիկ Խանդոյանի համար», -հայտարարեց Ղարագյոզյանը:
Արայիկ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներից է և նույնպես կալանքի տակ է:
Վերաքննիչ դատարանի առջև մեծ բազմություն էր հավաքվել, որոնց մեջ էր նաև Արարատ ու Արայիկ Խանդոյանների մայրը՝ տիկին Ռիմա Խանդոյանը:
«Ես ունեմ հինգ որդի, չորսը մասնակցել են ղարաբաղյան պատերազմին, մեծ տղաս զոհվել է պատերազմում, Արայիկս ծանր վիրավորված է, Արարատս առողջություն չունի՝ ավտոմատի 5 փամփուշտը փորից են հանել, մի պոչկան հեռացված ա: Ես չգիտեմ՝ ոնց եմ դիմացել, երևի ինձ աստված է պահում», -հուզված էր տիկին Խանդոյանը:
Նրա խոսքով, եթե «նորմալ մարդ լինի դատավորը իմ երեխին անհիմն տեղը չեն պահի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան