ՌԴ նախագահ. Խնդիրը պետք է լուծվի խաղաղ եղանակներով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել չկենտրոնանալ ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական կողմի վրա: Այս մասին այսօր նա հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Լրագրողի հարցին, թե Ռուսաստանի նախագահն ի՞նչ է կարծում՝ «արդյոք հերթական սրացման նախադրյալներ չե՞ն ստեղծվում, երբ ադրբեջանական կողմը մեծ քանակի սպառազինություն է ստանում, մինչդեռ հայկական կողմին սպառազինություններ մատակարարելու պայմանավորվածությունները, մեղմ ասած, դոփում են տեղում», Վլադիմիր Պուտինն արձագանքել է.
«Մենք Հայաստանի հետ այդ ուղղությամբ աշխատելու ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք որոշակի փոխադարձ պարտավորություններ ունենք, և Ռուսաստանը միշտ հավատարիմ է մնում իր պարտավորություններին և միշտ կատարում է իր պարտավորությունները: Իսկ սպառազինությունների այսօրվա շուկայում յուրաքանչյուր երկիր գործնականում կարող է ձեռք բերել ցանկացած զենք: Եվ օրինակ այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթ արդյունահանող երկիր, 10 մլն բնակչությամբ, արագ աճող տնտեսությամբ, բավականին մեծ ոսկու և արժույթի պաշարով, իհարկե ի վիճակի է գնել սպառազինություն ամենուր:
Հասկանո՞ւմ եք՝ ամենուր:
Ես հիմա ուշադրություն չէի դարձնի խնդրի ռազմական կողմին: Եթե ցանկանում ենք խնդիրը լուծել, ապա պետք է լուծենք խաղաղ եղանակներով»: