Հայ տանկիստները մասնակցել են «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի «Էստաֆետ» փուլին
«Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի կիսաեզրափակիչի` «Էստաֆետի» առաջին մրցափուլի ընթացքում օգոստոսի 9-ին Չինաստանի, Ղրղզստանի, Անգոլայի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ մրցել են ՀՀ զինված ուժերի տանկային երեք անձնակազմերը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ տանկիստները ընդհանուր թիմային հաշվարկով մրցուղին անցել են 2 ժամ 13 րոպե 55 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:
Մրցափուլի առաջատարն է Չինաստնի զինված ուժերի հավաքական թիմը, որը մրցուղին անցել է 1 ժամ 45 րոպե 55 վայրկյանում:
«Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն «Էստաֆետի» երեք մրցափուլերի վերջնական ընդհանուր հաշվարկով լավագույն ցուցանիշներ գրանցած չորս հավաքական թիմերը: «Տանկային բիաթլոն-2016»-ի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա օգոստոսի 13-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ
- «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ փուլում ՀՀ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
- «Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել