Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը
ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 թթ. խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի «A» խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի Հայաստանի ֆուտզալի կրկնակի չեմպիոնը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը:
Այս փուլում մերոնց մրցակիցները կլինեն Կիպրոսը ներկայացնող «Հապոելը», Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ Մանիակս» և Դանիան ներկայացնող «Գենտոֆտե» թիմերը: Մասնակիցներից յուրաքանչյուրն իր երկրի գործող չեմպիոնն է և բավական բարձր դիրք ունի ֆուտզալի համաշխարհային վարկանշային սանդղակում:
Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: