Panorama.am-ը ստորագրում է «Հանուն խոսքի ազատության» հայտարարության տակ
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարների նախաձեռնած «Հանուն խոսքի ազատության» խորագրով բողոքի ակցիան: Ակցիայի նպատակն է ոչ ասել բռնություններին, դատապարտել լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, ինչպես նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին պատժելու պահանջը լսելի դարձնելն է: Panorama.am-ը կիսում է բարձրացված խնդիրների շուրջ նախաձեռնող խմբի մտահոգությունները, ստորագրում հայտարարության տակ.
«Թեև գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարևորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու և տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետևողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ:
Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսևորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով:
Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին ու մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո, թեև, ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 2 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որևէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլևս շարունակվել չի կարող:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը և մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական և տեսանելի քայլեր:
-Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
- Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար և հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
- Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եվ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչև ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետևանքներ»:
Հայտարարությունը ստորագրել են նախաձեռնող խումբը, միացել են այլ լրատվամիջոցներ, հարթակներ, պատգամավորներ,...։ Հայտարարությունը բաց է բոլոր ցանկացողների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք