Սարգսյան-Պուտին հանդիպման առաջնային թեման լինելու է Հայաստանի ներքաղաքական խնդիրը. Քաղաքագետ
Սերժ Սարգսյանը այսօր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկի քաղաքական հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանում վերջին շրջանում ստեղծված իրավիճակին,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
«Հիշենք, վերջին շրջանում քաղաքական բուռն պրոցեսներ տեղի ունեցան ու մինչ այժմ էլ անցկացվում են հանրահավաքներ: Դա նորմալ է: Այդ շրջանակներում նաև կխոսեն տնտեսական իրավիճակի մասին», -հավելեց բանախոսը:
Բայց այդքանով նրանց հանդիպման ժամանակ քննարկվելիք թեման չի ավարտվի և մյուս հարցը, ըստ քաղաքագետի, տարածաշրջանային իրավիճակն է լինելու: Նրա կարծիքով, Հայաստանին, ինչպես նաև Ռուսաստանին «ձեռք չի տալիս» ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների, հետո նաև՝ հակամարտության լուծման բանակցությունների ակտիվացումը:
«Ադրբեջանին գուցե ձեռք տա այդ իրավիճակը, բայց ոչ Հայաստանին և ոչ էլ Ռուսաստանին, ստեղծված իրավիճակում, երբ այդ երկիրը սանկցիաների է ենթարկվում, ձեռք չի տալիս՝ քիչ էր Ուկրաինան, այժմ էլ մեկ այլ գլխացավանք է առաջանում:
Ընդհանրապես, իմ կարծիքով հակամարտության լուծման այն ճանապարհային քարտեզները, որոնք դիտարկվել են 90-ական թվականներին, եղել են այլ ժամանակներում, իսկ հիմա այլ իրավիճակ է, այլ իրականություն. և դա պետք է հաշվի առնել Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներում», -նկատեց քաղաքագետը: