Երբ վարչապետի կնոջ պայուսակը 11 դոլարանոց է
Օրերս Սինգապուրի վարչապետի կնոջ՝ Հո Չինի (Ho Ching) Սպիտակ տուն այցելության ժամանակ լրագրողների աչքից աննկատ չի մնացել նրա փոքրիկ պայուսակը՝ մուգ կապույտ վրան սպիտակ վիշապիկների պատկերով: Wonderzine.com-ի փոխանցմամբ, լրագրողները պարզել են, որ պայուսակն արժե ընդամենը 11 ԱՄՆ դոլար:
Ըստ աղբյուրի, Սինգապուրի առաջին տիկինը այդ աքսեսուարը պատահական չի ընտրել. Պայուսակի դիզայնը մշակել է 19-ամյա ուսանողուհի Սիտո Շենգ Ժին, ով եղել է Սինգապուրի աուտիզմով հիվանդ երեխաների դպրոցի՝ Pathlight School-ի սաներից մեկը:
Հո Չինի լուսանկարները արագորեն տարածվել են համացանցում, իսկ The Art Faculty Gallery խանութը, որտեղ վաճառվում են դպրոցի սաների ձեռքի աշխատանքները, մեծաթիվ պատվերներ է ստացել: Անգամ հարկ է եղել, որ այդ պայուսակը գնել ցանկացողների ցուցակ կազմվի:
Նշվում է, որ Հո Չինի արարքը օրինակ է գիտակցված սպառման և հաջողված փորձ ուշադրությունը բարեգործությանն ուղղելու համար: