Վլադիմիր Պուտին. Պետք է գտնել լուծում, որտեղ կողմերից որևէ մեկն իրեն պարտված չի զգա
Ղարաբաղյան հիմնախնդրին պետք է գտնել այնպիսի լուծում, որի պայմաններում կողմերից որևէ մեկն իրեն պարտված կամ հաղթանակած չզգա: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մասնավորապես, լրագրողն հարցրել է. «Դուք հավանաբար գիտեք, որ ղարաբաղյան խնդիրն ամենազգայունն է հայերի համար, և երբ Դուք Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում նախաձեռնեցիք, բոլորիս մոտ խաղաղ կարգավորման հույս արթնացավ: Սակայն այդ հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշում էր, թե իբր հայկական կողմը համաձայնել է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի 5, իսկ հետո էլ՝ 3 շրջան: Որքանո՞վ են այս կարգի հայտարարությունները համապատասխանում բանակցային գործընթացի՝ Պետերբուրգում կայացած բանակցությունների ոգուն»
Ի պատասխան Ռուսաստանի նախագահն ասել է. «Նախևառաջ, կարծում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում գործընկերներիս արտահայտությունները մեկնաբանելը, այդ թվում՝ Ադրբեջանից, Հայաստանից կամ մեկ այլ տեղից: Եթե ցանկանում եք խորը տեղեկանք ստանալ, անհրաժեշտ է անմիջականորեն դիմել այս կամ այն արտահայտության հեղինակին:
Մյուս կողմից սակայն, կարծում եմ, որ բոլորի համար է հասկանալի, որ երբ խոսքը դիրքորոշումների համաձայնեցման ու փոխզիջումների որոնման դժվարին գործընթացի մասին է, ապա այդ բարդ գործընթացի ընթացքում կիրառվում են քաղաքական ու դիվանագիտական բոլոր միջոցները, այդ թվում նաև՝ զանգվածային լրատվամիջոցների կիրառությունը, որպեսզի ձևակերպվեն, հայտարարվեն որոշակի հարցումներ-դիրքորոշումներ:
Այստեղ որևէ արտառոց բան չկա: Սա, ըստ էության, սովորական պրակտիկա է:
Իրականում ես կարծում եմ, որ և Հայաստանը, և Ադրբեջանն իրապես ցանկանում են հաղթահարել այս խնդիրն այնպես, որ ապրեն խաղաղության ու փոխհամաձայնության մթնոլորտում, համագործակցեն, զարգացնեն տնտեսությունը: Ոչ վերջին հերթին, և դրանում հետաքրքրված է Հայաստանը՝ հանվեն ենթակառուցվածքային, տնտեսական սահմանափակումները, որպեսզի տնտեսությունը զարգանա, որպեսզի մարդիկ, վերջին հաշվով, ավելի լավ ապրեն և ամրանա հայկական պետականությունը:
Կարգավորման հարցում դա է մեր նպատակը, ձգտումը: Նպատակն այն է, որպեսզի հասնենք արդյունքի: Դրան է ձգտում նաև ադրբեջանական կողմը:
Նախագահ Ալիևի հետ Բաքվում կայացած իմ վերջին շփումները դա են հաստատում: Սակայն անհրաժեշտ է գտնել այնպիսի մոտեցումներ ու սխեմաներ, որոնց պայմաններում, ինչպես ասացի, որևէ մեկն իրեն պարտված կամ հաղթանակած չի զգա, այլ՝ կլինի այնպիսի որոշում, որը մշակված կլինի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, կընդունվի երկու երկրների հասարակությունների կողմից: Սա է ամենագլխավորը: Իսկ Ռուսաստանը, ինչպես նաև Մինսկի խմբի այլ երկրները, կարող են հանդես գալ երաշխավորի դերում, եթե հարկ լինի՝ ընդունելով նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևեր»: