Դատավորն էլ հուզված էր, բայց արդար որոշում չկայացրեց. «Սասնա ծռերի» անդամի փաստաբան
Այսօր, քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել երեկ, օգոստոսի 9-ին: Նիստը նախագահել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Բողոքի քննությանը ներկա է եղել նաև ինքը՝ Հովհաննես Հարությունյանը՝ վիրավոր վիճակում, պատգարակով:
«Բողոքը մերժվեց, քանի որ մենք արդարադատություն չունենք: Հովհաննեսը երեկ ցավերի մեջ էր, բոլորը տեսան այդ ցավերը, հուզված էին, անգամ դատավորն էր հուզված, բայց արդյունքում նման որոշում կայացրեց: Այս դատավորից մենք մեծ սպասումներ ունեինք, բայց չստացվեց, չարդարացան հույսերը մեր», -փոխանցեց Ղարագյոզյանը:
Նա տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարան չեն դիմի, քանի որ «իմաստ չկա, նույն պատասխանն է լինելու»:
«Այս գործով մենք կհասնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -հավելեց փաստաբանը:
Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդից առանց զենքի դուրս գալը տղաներին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է. Փաստաբան
- «Սասնա ծռերի» վիրավոր անդամը կմասնակցի իր կալանքի գործով բողոքարկման նիստին
- «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին