Կազանյան փաստաթղթի պարտադրումը վերջնականապես կպայթեցնի ներքին իրավիճակը. Արա Պապյան
Երկարաժամկետ առումով Թուրքիա-Ռուսաստան ստրատեգիական դաշինք չի կարող ձևավորվել, բայց կարճ, մի քանի տարվա համար դա միանգամայն հնարավոր է, բայց այն վատ կանդրադառնա Հայաստանի վրա: Այդ մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանը հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը:
Վերջինը նման պնդում անելու հիմքեր ու ապացույց ունի՝ օրինակ՝ 20-ական թվականների փորձը. «Ցավոք, սրտի այդ մի քանի տարին բավական է, որ մենք լրջագույն կորուստներ ունենանք: Մենք ունենք դրա դառը փորձը՝ այսինքն՝ 20-ական թվականները, երբ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի հարաբերությունները մեղմացան, դարձան եղբայրական, և Հայաստանը հսկայական կորուստներ ունեցավ: Այնպես որ հիմա մենք բավականին ծանր վիճակում է հայտնվել»:
Քաղաքագետի պնդմամբ, Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանին ապավինելու քաղաքականությունը սխալ դուրս եկավ: Այժմ, նրա խոսքով, այլընտրանքներ գտնելը այս իրավիճակից դուրս գալու ելքն է:
«Եթե չունես այլընտրանք, ուրեմն քաղաքականության մեջ դերակատարում չունես՝ և քաղաքական, և տնտեսական առումով՝ ես նկատի ունեմ Չինաստանի, Արևմուտքի հետ: Ինչքանով դա կհաջողվի, դժվար է ասել», -նկատեց քաղաքագետը:
Օրինակ, Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու, ամրապնդելու համար պետք է, որ երկրում մարդու իրավունքները պաշտպանվեն, մինչդեռ Պապյանի խոսքով, վեջին իրադարձությունների ժամանակ պարզվեց, որ Հայաստանում մարդու իրավունքները չեն պաշտպանվում:
«100-ավոր մարդկանց բռնի կերպով բերման էին ենթարկում, ապօրինաբար ձերբակալում էին: Այսինքն, մենք այսօր թերևս մեր պետականության մաենածանր շրջաններից մեկն ենք ապրում, երբ ունենք ներքին ու արտաքին լրջագույն խնդիրներ», -հավելեց Արա Պապյանը:
Անդրադառնալով այսօր Մոսկվայում սպասվող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, Պապյանն ասաց, որ այդ հանդիպումից ինքն «առանձնապես ակնկալիք չունի», քանի որ Հայաստանի «դիրքերը բավականին թույլ են»:
«Եթե մեզ հաջողվի խուսափել կազանյան փաստաթղթի պարտադրումից… իսկ այդ փաստաթղթի պարտադրումը վերջնականապես կպայթեցնի ներքին իրավիճակը, եթե այդ փաստաթուղթը նորից շրջանառության մեջ մտնի, ապա այն ցույցերն ու ելույթները, ինչ մենք տեսանք, պարզապես խաղ կթվան այն ցույցերի ու ելույթների դեմ, որոնք տեղի կունենան: Այդ փաստաթղթով Ադրբեջանին նման տարածքների զիջումը հանգեցնելու է Արցախի կորստին», -հայտարարեց Արա Պապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան