Ինչո՞ւ պետք է լրագրողին ծեծելը ձեռնտու լինի պետական կառույցին. Աշոտ Ահարոնյան
Այսօր Ազատության հրապարակում Հայաստանում գործող Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հավաք էին կազմակերպել, որով պահանջում էին իրավապահ մարմիններից անհապաղ պատժել հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած անձանց:
Ակցիայի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, որին ԶԼՄ-ների ներկայացուցիչները միանում էին ստորագրելով հայտարարության տակ:
Հիշեցնենք՝ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում, այնուհետև՝ Սարի թաղում ոստիկանության և խաղաղ հավաքի մասնակիցների միջև բախում էր տեղի ունեցել, որի ժամանակ ծեծի, բռնության էին ենթարկվել նաև լրագրողներ: Այսօր միայն ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ երկու անձ ձերբակալվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար:
Ազատության հրապարակում էր նաև ոստիկանության հաարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով լրագրողներին տեղեկացրեց, որ վարչության «02» շաբաթաթերթը նույնպես միացել է հայտարարությանը, քանի որ այդ իրադարձությունների ժամանակ տուժել է նաև թերթի աշխատակիցը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ւմ կողմից է ոստիկանության աշխատակիցը վիրավորում ստացել, Ահարոնյանը արձագանքեց, որ քննությունը դրա պատասխանը կտա:
Լրագրողը Ահարոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք թիրախավորված հարձակում չի եղել լրագրողների նկատմամբ, և եղավ արձագանքը.
«Ես այդպիսի միտում չեմ տեսնում, որովհետև ոստիկանությունը առաջինն է շահագրգռված, որպեսզի նման դեպքեր չլինեն: Ի վերջո, ոստիկանությունն է պատասխանատու հասարակակակն կարգի ապահովման համար և նաև ոստիկանությունն է պատասխանատու այդ դեպքերը բացահայտելու համար և եթե դրանք չեն բացահայտվում կամ եթե դրանք տեղի են ունենում, բնականաբար տվյալ գերատեսչության հեղինակությանը վնասում է: Ինչո՞ւ պետք է դա ձեռնտու լինի պետական կառույցին: Դա ուղղակի անհեթեթ է», -հավելեց Ահարոնյանը:
Նկատենք, որ հայտարարության մեջ, որին միացել են մեծ թվով ԶԼՄ-ներ, ինչպես նաև ոստիկանության պաշտոնաթերթը, մասնավորապես նշվում է. «Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Panorama.am-ը ստորագրում է «Հանուն խոսքի ազատության» հայտարարության տակ
- Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- «Նրանք թիրախավորված հարձակվել էին լրագրողների վրա»
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
- Բռնության են ենթարկվել լրագրողներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան