Սանասարյանի առողջականի վատթարացման մասին տեղեկությունները իրական չեն. Պաշտպանի աշխատակազմ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում օգոստոսի 9-ին այցելել են «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել առանձնազրույցներ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Իրիցյանի և Մհեր Մազմանյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են Արայիկ և Արարատ Խանդոյանների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
Դավիթ Սանասարյանն իր հետ առաձնազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին հրապարակային աղբյուրներով տարածված իր առողջության վատթարացման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ Դ.Սանասարյանի՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ եղել են, երբ ինքը գտնվել է Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում, սակայն ներկայում իր առողջական վիճակը բարելավվել է և ստանում է համապատասխան դեղորայքային բուժում:
Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, ինչպես նաև, անհրաժեշտությամբ պայմանավորված, նեղ մասնագետի խորհրդատվություն: Դ.Սանասարյանի պահման պայմանների և առողջական վիճակի մոնիտորինգի հետ կապված՝ արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք այցեր և առանձնազրույցներ, որոնք կրելու են շարունակական բնույթ:
Արմեն Մարտիրոսյանի հետ առանձնազրույցի արդյունքներով նրան կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրավապահ մարմիններին ուղարկված մանրամասն տեղեկությունները:
Մհեր Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ հիմնական խնդիրն առնչվում է ընտանիքի հետ կապին: Պարզվել է նաև, որ Մ. Մազմանյանն ունի 7 զավակ, որոնցից 6-ն անչափահաս են:
Մ. Մազմանյանի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են թե՛ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, թե՛ քրեական վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը: Այդ հարցերը պարզելու և լուծելու ուղղությամբ վաղ առավոտից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրել է, որ շարունակում է հացադուլը: Պարզվել է, որ ներկայում ապահովված է հանձնուքի միջոցով ջուր ստանալու նրա հնարավորությունը: Ա.Ղուկասյանի հետ կապված, առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկ բժշկի հետ, ում գնահատմամբ՝ Ա. Ղուկասյանի ճնշումը կայուն է, առողջական վիճակը՝ բավարար: Ա. Ղուկասյանի կողմից բարձրացվել են իր պահման պայմանների հետ կապված մի շարք հարցեր, որոնց դրանց լուծման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկի հետ տարվում է համապատասխան համատեղ աշխատանք:
Գագիկ Իրիցյանին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են դեռ օգոստոսի 5-ին: Ի թիվս այլ տեղեկությունների, նա հայտնել էր, որ մինչև քրեակատարողական հիմնարկում հայտնվելը, իրեն բուժող բժշկի խորհրդով, օգտագործել է փայտե ինքնաշեն հատուկ սարք, որի կարիքը ունի նաև ներկայում: Երեկ քրեակատարողական հիմնարկ կատարված այցի ընթացքում նշված սարքն արդեն տրամադրվել է Գ. Իրիցյանին: «Այս առումով, մշտադիտարկումը կրելու է շարունակական բնույթ», -տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Նշված անձինք քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի կամ բուժօգնության առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ուսումնասիրվել են նաև Արայիկ և Արարատ Խանդոյանների բժշկական փաստաթղթերը:
«Վաղ առավոտից մեր կողմից միջոցներ կձեռնարկվեն նաև Արայիկ Խանդոյանին ակնոց տրամադրելու հետ կապված հարցը պարզելու և լուծելու ուղղությամբ: Նախորդող օրերին Խանդոյան եղբայրների հետ նույնպես տեղի են ունեցել առանձնազրույցներ», -նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը բժշկական հետազոտություն է անցել
- Արայիկ Խանդոյանի ակնոցը չեն տալիս, և նա չի կարողանում գրել ու տեսնել. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան