Շարոյան. «Մեծ ցավ է, որ իմ ժողովորդի ցեղասպանությունը իրականացրածների շարքում իմ ժողովրդի ներկայացուցիչ կա»
Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է։ Վկայակոչելով թուրքական Hurriet պարբերականին այդ մասին այսօր տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։
Ըստ աղբյուրի, ձերբակալվածի անունը Արտյոմ Ալոյանն է, նա ծնվել է Հայաստանում, ազգությամբ եզդի է, ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։ Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Ալոյանն ազատ տիրապետում է ռուսերենին, արաբերենին, հայերենին, քրդերենին, անգլերենին։
Նույն աղբյուրի համաձայն, ձերբակալության պահին Ալոյանի մոտ հայտնաբերվել են Սիրիայում արված լուսանկարներ և տեսանյութեր, քարտեզներ, որոնք ապացուցում են նրա մասնակցությունը Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին։ Ալոյանին պատկանող մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և նյութեր, ինչպես նաև հեռակառավարման վահանակներ։
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Հաթայ գավառի իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ Ալոյանի անունն ընդգրկված է Թուրքիայի կազմած ահաբեկիչների անվանացանկում։ Նրա մուտքը Թուրքիա արգելված է։
Panorama.am-ի թղթակցի խնդրանքով Հայաստանի «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը մանրամասներ փոխանցեց Արտյոմ Ալոյանի վերաբերյալ։ Նրա տվյալներով, Արտյոմ Զահարի Ալոյանը, ծնվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում, նրանց ընտանիքը 2002-ից գնացել է Ֆրանսիա (այստեղ հայրը ներկայանում է Քյալաշ անունով)։
Նրա խոսքով, Արտյոմը եղբոր հետ ընդունել է մահմեդականություն և միացել «Իսլամական պետության» ահաբեկիչներին։ Նա ամուսնացած չէ։
«Երբ հայրն իմացել է, որ իսլամ են ընդունել, կտրականապես դեմ է եղել, չի համաձայնել, ու հոր և որդիների միջև հակասություններ են առաջացել, ու նրանք հեռացել են Ֆրանսիայի եզդիական համայնքից», -փոխանցեց պարոն Շարոյանը։
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցչի խոսքով, իրենց համար դատապարտելի է այդ արարքը, քանի որ հենց ԻՊ-ի ահաբեկիչներն են կազմակերպել Շանգալի եզդիների ցեղասպանությունը։
«Մենք բնական է, չենք ընդունում իրենց, մեր ոխերիմ թշնամիներն են, նրանք են իրագործել Շանգալի ցեղասպանությունը։ Դատապարտում ենք և նրան և նրա համախոհներին որոնք իրագործում են մեր ժողովրդի ցեղասպանությունը: Ինձ համար մեծ ցավ է, որ իմ ժողովորդի ցեղասպանությունը իրականացրածների շարքում իմ ժողովրդի ներկայացուցիչ կա»,-հավելեց Շարոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
- Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան