Այս տարի Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը կանցկացվի Երևանում
2016 թվականի սեպտեմբերի 5-9-ը Երևանում կանցկացվի Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակներում 2010 թվականից Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագիրը, որի ընթացքում Հայաստանն արձանագրել է դրական արդյունքներ:
Ներկայումս տասը մարզերի մոտ 83 հազար երեխա ստանում է դպրոցական սնունդ, ընդ որում երեք մարզերում` Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում, սնուցումն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Հաշվի առնելով ՄԱԿ-ի ՊՀԾ և միջազգային այլ կառույցների դրական արձագանքները` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմել է Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամին, առաջարկելով 2016թվականին նախատեսված Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումն անցկացնել Հայաստանում: Նախորդ տարիներին Ֆորումներն անցկացվել են ԱՄՆ-ում, Գանայում, Հարավային Աֆրիկայում, Քենիայում, Եթովպիայում և Բրազիլիայում:
Ակնկալվում է, որ Ֆորումին կմասնակցեն 200-250 հյուրեր 40 երկրներից, այդ թվում` նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ֆորումի աշխատանքների ընթացքում նախատեսվում է այցելություններ դպրոցներ, ծանոթացում դպրոցական սննդի հայաստանյան փորձին, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները