Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 102-ամյա կինը
ԱՄՆ Օկլանդ քաղաքում օրերս մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 102-ամյա Ռամելա Կարմենը (Ramela Carman): «Նա խորհրդանիշն էր այն բանի, թե ինչ զրկանքներ ու ցավեր է տեսել հայ ժողովուրդը», -«massispost.com»-ի փոխանցմամբ, ասել է Bloomfield Township-ի ներկայացուցիչ, Ջեֆ Աքսթը, որը նաև տիկին Կարմենի ազգականն է:
Ռամելա Կարմենը ծնվել է 1914 թվականի ապրիլի 7-ին, Կենտրոնական Անատոլիայի Յոզգաթ նահանգում և մահացել է օգոստոսի 6-ին, ընտանիքի անդամների կողքին:
Ըստ աղբյուրի, տիկին Կարմենը 2 մլն մարդկանց կյանքը խլած ողբերգական իրադարձությունից այն 30 փրկվածներից և աշխարհում սփռվածներից մեկն է: Նա Միչիգանի վերջին վերապրածն էր:
Նրա ընտանիքը ապրիլին նշել է տիկին Կարմենի 102 ամյակը: Նա շատ փոքր է եղել, որպեսզի կարողանա հիշել այդ սարսափելի օրերը, բայց դրանց մասին պատմությունները իրեն հասել են հարազատներից:
Պատմել է, որ իր հայրն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանան փրկվել տանջանքներից՝ փոխել է անունը, արտաքին տեքսը և անցել ընդհատակ: Ավելի ուշ միացել է ընտանիքին, բայց հետո մահացել է երիկամների հիվանդությունից:
Տիկին Կարմենն իր մոր և տատիկի հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ մայրը աշխատել է գործարանում, տատիկը՝ խոհարար: Երբ ինքը 16 տարեկան էր, տատիկն ու մայրիկը հիվանդացել են, և ընտանիքի հոգսն ընկել է իր ուսերին. Սկսել է աշխատել գործարանում, հետո գնել է կարի մեքենա ու սկսել տղամարդկանց տաբատներ կարել:
1960-ին մեկնել է ԱՄՆ, մի քանի ամիս անց ամուսնացել Մասա Կարմենի հետ, սովորել անգլերերն, աշխատանքի անցել Հակոբյանների մոտ: Ամուսնու մահից հետո, 1995-ին նա ճանապարհորդել է Ֆրանսիա, Թուրքիա՝ հարազատներին այցելության: Նա Թուրքիա այցելել է նաև 2001-ին:
Աղբյուրը փոխանցում է, որ տիկին Ռամելան վեց շաբաթ առաջ ընկել և կոտրել է ազդրը, ինչը ծանր ազդեցություն է ունեցել նրա առողջական վիճակի վրա: