Խորհրդի նախագահի լիազորությունները վարչապետից անցան Էկոնոմիկայի նախարարին
Հայաստանի զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահի լիազորությունները ՀՀ վարչապետից փոխանցվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարին: Այս մասին որոշումը հաստատվեց գործադիրի այսօրվա նիստում:
Որոշումը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ վարչապետի հանձնարարությամբ փոփոխություն է կատարվում հիմնադրամի կանոնադրության մեջ:
Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղակիորեն կապված են տնտեսական աճի խթանման հետ և հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը՝ խորհուրդը, կարիք ունի առավել հաճախ ներգրավվելու կառավարման գործում, իսկ դա պահանջում է անընդհատ նիստերի գումարում:
«Պարոն վարչապետն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով հանձնարարել է խորհրդի կառավարման լիազորությունը փոխանցել էկոնոմիկայի նախարարին, միաժամանակ խորհրդում ամրագրելով այն հիմնական գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր այս ծրագրերում ունեն թե նպատակային գործողությունների, թե տնտեսական զարգացման համատեքստում որոշումներ կայացնելու անհրաժեշտություն»,- ասաց նա: