Իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտով
Իրանցի գործարարները այս օրերին Հայաստանում են։ Նրանք ծանոթանում են Հայաստանում բանկային համակարգից, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության, թեթև արդյունաբերության ոլորտի, մասնավորապես, տեքստիլի բնագավառին վերաբերող արտադրական հնարավորությունների, արտահանմանն ու ներմուծմանն առնչվող մի շարք այլ հարցերի մասին:
Հայաստանի ներդրումային առավելություններին մանրամասն ծանոթանալու նպատակով գործարարները հրավիրվել են մասնակցելու Երևանում սեպտեմբերի 19-ից 22-ը նախատեսվող «Made in Armenia» ցուցահանդեսին և դրա շրջանակում կայանալիք գործարար համաժողովին:
Օգոստոսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստան այցելած իրանցի գործարարների հետ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, անդրադարձել այն հնարավորություններին, որոնք կարող են հետաքրքիր լինել իրանցի գործարարների համար մեր երկրում ներդրումներ կատարելու, արտադրություն հիմնելու կամ հայաստանցի գործարարների հետ համատեղ արտադրություն իրականացնելու և դեպի Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության երկրներ արտադրանքի արտահանում կատարելու դեպքում: Խոսվել է հարկային, մաքսային արտոնությունների համակարգերի մասին:
Նշվում է նաև, որ հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան