Քաղաքականապես «հիվանդ» կողմը իրեն պարտվող կզգա - Տիգրան Աբրահամյան
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը Panroama.am-ի հետ զրույցում վերլուծում է օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Մոսկվայում նախօրեին կայացան հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները, երկու երկրների նախագահների քննարկումների առանցքում ԼՂ հարցով բանակցություններն էին: Ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպումն ու դրա արդյունքները, իսկ վերջին շրջանում անընդհատ խոսակցություններ են շրջանառվում բանակցությունների սեղանին դրված նոր փաստաթղթերի մասին:
Տիգրան Աբրահամյան.- Ռուսաստանի Դաշնությունը ակտիվ դերակատարություն ունի ինչպես ԼՂ հարցով բանակցություններում, այնպես էլ՝ տարածաշրջանային գործընթացներում: Չնայած քննարկումների լայն օրակարգին, առավել առանցքայինը՝ քննարկման ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող հատվածն էր:
Ներկայումս ԼՂ հարցով բանակցությունների հիմնական հարցը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն է:
Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը:
Ընդ որում՝ առանց այս պայմանավորվածությունների կյանքի կոչման դժվար է խոսել բանակցությունների վերսկսման, առավել ևս՝ առաջընթացի մասին: Ապրիլյան իրադարձություններից հետո տեղի ունեցած հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ միտված էին բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելուն:
Ներկայումս այդ առումով խնդիրներ կան, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է ի կատար ածել այդ պայմանավորվածություններից ամենակարևորը՝ հետաքննության մեխանիզմի ներդրումը, ըստ այդմ՝ կասկածի տակ դնելով բանակցությունների վերսկման հնարավորությունը:
Panorama.am.- Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսում բարձրաձայնվեց նաև դեպի Հայաստան ռազմական մատակարարումների խնդիրը, ի վերջո, ո՞րն է պատճառը, որ այս խնդիրն այդքան ձգձգվում է:
Տիգրան Աբրահամյան.- Ռուսաստանը նախագահի մակարդակով հավաստիացրեց, որ ՌԴ-ն՝ որպես Հայաստանի դաշնակից պետություն, ՀԱՊԿ գործընկեր երկիր պատշաճ ձևով իրականացնում է ստանձնած պարտավորությունները: Ես կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը որոշակի սրբագրումներ է մտցրել վերոնշյալ պայմանագրում, չեմ բացառում, որ ավելի վաղ ներկայացված սպառազինության ցանկում փոփոխություններ են եղել և հենց դրանով է պայմանավորված մատակարարումների հետ կապված մտահոգությունները:
Մյուս կողմից, այդ գործընթացը հասկանալի պատճառներով հրապարակային չէ և մի փոքր բարդ է առավել մանրամասն վերլուծել իրավիճակը, առավել ևս, որ ոչ մեկ չգիտի, թե երբ պետք է սկսվեր կամ ավարտվեր այդ մատակարարումները և առհասարակ, կա՞ն ուշացումներ, թե՞ դրանք ուղղակի մտահոգություններ են՝ պայմանավորված նոր պատերազմի բռնկմամբ:
Panorama.am.- Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակներում: Ի՞նչ վտանգներ է այն իր մեջ պարունակում:
Տիգրան Աբրահամյան. - Թուրքիան մեկ հայտարարում է տարածաշրջանում անվտանգության պլատֆորմի ձևավորման մասին, մեկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թվում հայտնվելու պատրաստակամության մասին, հիմա էլ՝ սա: Եթե կարճ ասեմ՝ այդ հայտարարությունը անլուրջ եմ համարում, որովհետև եթե նույնիսկ նման ձևաչափով հանդիպում կայանա, ապա նա չի կարող գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող հետևանքներ ունենալ: Կրկնում եմ՝ եթե նման հանդիպում կայանա, ինչի հնարավորության վրա խիստ կասկածում եմ:
Panorama.am.- Նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին, ՌԴ նախագահն անդրադառնալով ԼՂ հարցով բանակցությունների հնարավոր հանգուցալուծմանը նշել է, թե պետք է գտնել այնպիսի լուծում, որի դեպքում ոչ ոք իրեն պարտվող չզգա, հաղթող չզգա: Չպարտվելու պահը պարզ է՝ որպեսզի չգնա ռևանշիզմի։ Բայց ինչո՞ւ հաղթող չզգա։ Կամ որ ավելի արդիական է՝ եթե կողմը հիվանդ է, ոնց ապահովել, որ ինքն իրեն պարտվող չզգա:
Տիգրան Աբրահամյան. - ՌԴ նախագահի այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես միջնորդ երկիր հանդես եկողի կողմի տրամաբանության մեջ: Իսկ կողմնակալություն չդրսևորելու տեսանկյունից, միջնորդ երկրի համար առաջնային խնդիրներից է՝ ի ցույց դնել իր չեզոքությունը, որտեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինում:
Ձեր հնչեցրած հարցադրմանը հասնելու ճանապարհը բարդ է ու երկար, դրա համար նախևառաջ երկու երկրները պետք է իրենց հասարակություններին պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Հակառակ դեպքում «հիվանդ» կողմը միշտ էլ իրեն պարտվող կզգա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան