Չավուշօղլուն՝ Սիրիայում հրադադարի հաստատման հարցում Իրանի դերի մասին
Իրանի անվտանգությունը Թուրքիան դիտարկում է որպես իր անվտանգություն,-իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նշենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր պաշտոնական այցով մեկնել է Անկարա:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարն Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, մասնավորապես հայտարարել է. «Հանդիպման ընթացքում մենք քննարկել են նաև Սիրիայի հարցը: Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում մենք համակարծիք ենք:
Մինչ այսօր մենք որոշակի տարաձայնություններ ենք ունեցել, չնայած տարաձայնություններին՝ մենք բանակցությունները շարունակում ենք. մենք այն համոզմանն ենք, որ Իրանը Սիրիայում կայուն հրադադարի հաստատման հարցում կարող է դրական դերակատարություն ունենալ»:
Խոսելով իրանաթուրքական հարաբերությունների մասին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է. «Իրանի անվտանգությունը Թուրքիան դիտարկում է որպես իր անվտանգություն, վստահ ենք նույն համոզմունքն ունի նաև Իրանը»: