«Smithsonian»-ն ու USAID-ը կօգնեն պահպանել հայ մշակույթը
«Հայաստանն ունի շատ հարուստ ու երկնային մշակութային ժառանգություն», - այս խոսքերով է Հայաստանի հետ համագործակցության մասին իր պատմությունը սկսում ԱՄՆ-ի Smithsonian հաստատության միջազգային կապերի բաժնի ղեկավար Մոլլի Ֆաննոնը: Նրա խոսքով, որպես համաշխարհային մշակույթի պահպանմամբ զբաղվող խոշորագույն հաստատություն, Smithsonian թանգարանը ցանկանում է պահպանել և տարածել ոչ միայն հազարամյա պատմություն ունեցող հայերի իրեղեն մշակույթը, այլև՝ պարը, կերակուրները, կենսակերպը, արվեստի բովանդակությունը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Այդ նպատակով Smithsonian հաստատությունը Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագրեր է մշակում, որոնք ուղղված են հայկական մշակույթի պահպանմանը և մշակութային զբոսաշրջիկության զարգացմանը։
«Մեր նպատակն է ապահովել Հայաստանի մշակութային ոլորտի կայուն զարգացումը՝ կապելով այն մշակութային զբոսաշրջիկության հետ և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելով այդ ոլորտում»,– ասել է Մոլլի Ֆաննոնը:
Մոլլի Ֆաննոնի խոսքով, մշակույթի պահպանությունը զգալի տնտեսական աղբյուրներ է պահանջում, այսպիսով՝ մշակութային ժառանգության ոլորտում տնտեսական հնարավորությունների ստեղծումը շատ կարևոր է:
Եռակողմ ծրագրի շրջանակներում Smithsonian-ը ստեղծել է «Իմ Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է շարժել զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը և խթանել նրանց ներգրավումը Հայաստանի մշակութային ժառանգության մեջ։
«Զբոսաշրջիկների մեծ մասը Երևան է այցելում, լավ ժամանակ անցկացնում Երևանում(իրոք, այն հրաշալի քաղաք է և զբոսաշրջիկին առաջարկելու շատ բան ունի), որից հետո միայն մեկ օրով զբոսաշրջիկներն այցելում են գյուղական վայրեր: Մեր նպատակն այդ հոսքը կանգնեցնելը չէ: Մենք ցանկանում ենք նոր զբոսաշրջիկների գրավել, որոնք հիմնականում կայցելեն ոչ թե մայրաքաղաք, այլ՝ կշրջեն Հայաստանի այլ վայրերով»,– ասել է Մոլլի Ֆաննոնը:
Նա նաև նշել է, որ Smithsonian-ը հայկական կողմի հետ միասին երկու հիմնական ուղի է մշակել՝ հյուսիսային և հարավային, որոնց շուրջ ստեղծվելու են ենթակառույցներ՝ թույլ տալով զբոսաշրջիկներին հաճելի և հարմարավետ հանգիստ վայելել Հայաստանի մարզերում՝միևնույն ժամանակ մարզերի բնակիչների համար նոր հեռանկարային աշխատատեղեր բացելով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին