«Ռիո-2016». Վլադիմիր Մարգարյանը տեխնիկական պարտություն կրեց
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն իր երկրորդ մենամարտում տեխնիկական պարտություն կրեց։
Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր։ Առաջին ռաունդից հետո ունքի վնասվածքի պատճառով մրցավարները Մարգարյանի չթույլատրեցին շարունակել պայքարը և հաղթանակը շնորհեցին կուբացուն։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ սա առաջին Օլիմպիական խաղերն են, որոնց ընթացում բռնցքամարտիկները սաղավարտներ չեն կրում: Նման որոշում կայացվել է մարզաձևն ավելի դիտարժան դարձնելու համար:
Իր՝ Վլադիմիր Մարգարյանի, կարծիքով ինքը պատրաստ էր Օլիմպիական չեմպիոնի դեմ մենամարտին. «Ինքնազգացողությունս լավ է, սակայն ինձ վատ եմ զգում, որ մենամարտը սխալ ընթացք ստացավ։ Մրցակիցս այդքան էլ զորեղ չէր, թեպետ Օլիմպիական չեմպիոն էր։ Չէի էլ մտածում, թե Օլիմպիական չեմպիոնի հետ եմ մենամարտում։ Ես պատրաստ էի մենամարտել մինչև վերջ։ Վնասվածքը ստացել էի առաջին մենամարտի ժամանակ, և հնարավոր չէր այն փակել երկու օրում»։
«Մենք հավասարի պես սկսեցինք մարտը։ Բացվածքը շատ մեծ էր, և անհնար էր շարունակել մենամարտը»,- ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։