Հայ երաժշտարվեստի երախտավոր Տատյանա Հայրապետյանի հիշատակը վառ կմնա արվեստասերների սրտերում
Կյանքի 92-րդ տարում կյանքից հեռացել է հայ երաժշտական մշակույթի ականավոր գործիչ, մանկավարժական գործի առաջնորդ, Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի փայլուն դարաշրջանը կերտած Տատյանա Հայրապետյանը: Տասնամյակների արգասաբեր գործունեությամբ՝ նա կրթել և դաստիարակել է մի քանի սերունդ:
Տատյանա Հայրապետյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին, Երևանում: Երաժշտարվեստի ասպարեզում առաջին քայլերը սկսել է 1930-ականներին, Երևանի այդ ժամանակի միակ երաժշտական դարբնոցում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան դպրոցում, անվանի մանկավարժ Վերոնիկա Աշխարհումյանի մոտ: Այնուհետև, ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, Դ. Լեգկերի դասարանում: Երիտասարդ խոստումնալից ջութակահարն իր կատարելագործման ուղին շարունակել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Ավետ Գաբրիելյանի, Յակով Ռաբինովիչի, Աբրահամ Յամպոլսկու դասարաններում: Վերադառնալով Երևան, Տ. Հայրապետյանը ծավալեց ակտիվ համերգային գործունեություն՝ մենակատարի ելույթները զուգակցելով Կոնստանտին Սարաջյանի ղեկավարությամբ գործող Երևանի սիմֆոնիկ նվագախմբում՝ իր աշխատանքին:
1948 թվականից Տատյանա Հայրապետյանը ներգրավվել է մանկավարժական գործունեության մեջ: Իսկ 30 տարի անց գլխավորել հանրապետության «Երաժշտական տասնամյակը»՝ Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը:
Տատյանա Հայրապետյանի մասնագիտական դասարանի հայտնի աշակերտներն են՝ Էդվարդ Թադևոսյանը, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Հայկ Դավթյանը և այլք:
Երաժշտարվեստում ունեցած հսկայական ավանդի, կատարողական դպրոցի զարգացման գործում ներդրման համար Տատյանա Հայրապետյանը արժանացել է մի շարք պատվավոր կոչումների և շքանշանների. ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի /1960 թվական/, Պատվո նշանի /1986 թվական/, Մովսես Խորենացու մեդալի /2010 թվական/:
Ականավոր մանկավարժ և արվեստի իրական նվիրյալ Տատյանա Հայրապետյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը:
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Տատյանա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
,