«Ռիո-2016». Սոնա Պողոսյանը «B ենթախմբում 3-րդն է, ընդհանուր հաշվարկում՝ 10-րդը
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը կանանց 75 կգ քաշային կարգի «B» ենթախմբում գրավել է 3-րդ տեղը։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է նախ 92, այնուհետև` 97 կգ, իսկ վերջին մոտեցման ժամանակ չի կարողացել գլխավերևում պահել 100 կգ քաշը։ Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 115, հետո` 122, երրորդ մոտեցմամբ` 126 կգ։ Երկամարտի 223 արդյունքով նա գրավել է 3-րդ տեղը։
Սոնա Պողոսյանն ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 10-րդ տեղը:
Սոնա Պողոսյանը գոհ է Օլիմպիական խաղերում իր արձանագրած արդյունքից, սակայն լարվածություն զգացել է։
«Մի փոքր լարվածություն ունեի, այդ իսկ պատճառով ձախողեցի պոկում վարժության երրորդ մոտեցումը։ Առավել վստահ էի հրում վարժությունում։ Մարզումների ժամանակ բարձրացրել էի 125 կգ և վստահություն ունեի։ Ուրախ եմ և վստահություն ձեռք բերեցի, որ մասնակցում եմ մեծահասակների Օլիմպիական խաղերին։ Եվրոպայի առաջնությունում ինձ հաջողվեց պոկել 102 կգ և հրել 125 կգ»,- Պողոսյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Կորեայի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչը: