Ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող դեռևս գտնվում են հոսպիտալում
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ներկայումս բուժում է ստանում ապրիլյան պատերազմում վիրավորված 18 զինծառայող: Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքերով՝ 17 զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մեկ զինծառայողի՝ Ավետիս Զարգարյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր:
Արամ Ասատուրյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ Ավետիսի ծնոտը վիրահատել են:
«Պլաստիկ վիրահատություն է կատարվել: Ավետիսը ստորին ծնոտի բազմաբեկորային վիրավորում ուներ, ձևավորվել էր կեղծ հոդ և դա վիրահատել են: Վիճակը այժմ գնահատվում է բավարար: Վիրավորումից հետո երկու ամիս Ավետիսը բացարձակ անշարժ է եղել, բայց այսօր արդեն ձեռքերը, ստորին վերջույթները կարողանում է շարժել»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նա նաև նշեց, որ Ավետիսին նաև փորձել են կանգնեցնել, թեկուզ մասնագետների օգնությամբ, բայց կանգնել է, ինչը հոսպիտալի ղեկավարը հրաշք է համարում:
Նշենք, որ Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին մի քանի անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:
Ընդհանուր առմամբ՝ զինծառայողը 7 վիրահատության է ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում հայ բժիշկը խոշոր գումարներ է կորզել ապրիլյան պատերազմի օրերին վիրավորում ստացած զինվորի ընտանիքից. ՀԺ
- Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանը տեղափոխվել է Բոնն
- Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու մասին
- Վիրավոր զինվորների թիվը ներկայումս 125-ն է. Հարություն Գալստյան
- Վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
- Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
- Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ ծառայության ու ավարտել կիսատ գործը
- Երևանի Զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 10 զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան