Բժիշկը մեկնաբանել է Պավել Մանուկյանի «ոտքերը կտրելու» ճնշման մասին տեղեկությունները
Պավել Մանուկյանի ոտքերը կտրելու համար բժշկի վրա ճնշում գործադրելու մասին տեղեկությունները հիմարություն են: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները:
Նշենք, որ այդ տեղեկությունը տարածել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է…»:
«Պարզապես հիմարություն է, ո՞վ է նման բաներ տարածում: Ես անձամբ ներկա եմ եղել Պավլիկ Մանուկյանի, նրա որդու ու մյուս զինյալների վիրահատություններին, և մենք՝ բժիշկներս, արել ենք առավելագույնը, որպեսզի այդ մարդիկ վերադառնան բնականոն կյանքին», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը:
Նրա խոսքով, այդ օրերին ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդից հիվանդանոց տեղափոխված վիրավորների վիրահատություններն իրականացրել են Հայաստանի լավագույն վիրաբույժները:
«Մենք հստակ ցուցում ենք ստացել՝ ոչ մի ջանք չխնայել այդ մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու համար: Հիմա այդ ոտք կտրելու մասին հայտարարությունը մեկնաբանելն անգամ ամոթալի է, ոնց կարելի է նման անպատասխանատու բաներ անել»,-հավելեց Մանուկյանը:
Նա հորդորեց «անլուրջ տեղեկություններ» չտարածել. «Որոշ ժամանակ առաջ էլ գրում էին, թե, իբր բժիշկները խոշտանգում են զինյալներին, դա էլ է հիմարություն: Երբ ես այցելություններից մեկի ժամանակ Պավլիկին ու մյուսներին պատմեցի այդ մասին, նրանք պարզապես ծիծաղեցին՝ ասելով, որ պատրաստ են հերքել դա, ասացինք, որ դրա ժամանակը չէ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ օրուգիշեր ամեն ինչ արվում է խմբի բոլոր անդամների առողջական խնդիրները վերացնելու ուղղությամբ»:
Նկատենք, որ այդ լարված օրերին, երբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կազմակերպվում էին ճեպազրույցներ, Միքայել Մանուկյանը բազմիցս է հայտարարել, որ հիվանդանոցում վիրահատված բոլոր վիրավորները կքայլեն:
Դեռ օգոստոսի 6-ին ասուլիսում հնչած հարցին, թե արդյոք Պավլիկ Մանուկյանը քայլելո՞ւ է, Միքայել Մանուկյանն ասել էր. «Այո՛, իհարկե, քայլելու է: Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են, ուղղակի ժամանակ է պետք»