Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով շուրջ չորս հազար մարդ է տարհանվել
Կալիֆորնիա նահանգի հյուսիսում ուժգին անտառային հրդեհները հանգեցրել են բնակավայրերից շուրջ չորս հազար բնակչի տարհանման, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ին:
Մասնավորապես, կրակը հասել է Լոուեր Լեյք քաղաքը, որտեղ ամբողջովին այրվել են տասը բնակելի տուն, փոստային բաժանմունք և գինու գործարան:
Հրդեհը նաև հասել է հարևան Քլիր Լեյք քաղաք, ինչի կապակցությամբ տեղական հիվանդանոցի տնօրինությունը հրատապ կարգով հիվանդների տարհանում է իրականացրել:
Աղբյուրը նշում է, որ կրակը սկսել է տարածվել շաբաթ օրը` այրելով ավելի քան 1.000 հեկտար տարածք: Հրդեհի մարման աշխատանքները խոչընդոտում է ուժեղ քամին: Ներկա պահին նահանգի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման 11 օջախ: