Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ապօրինի են գտնվում անազատության մեջ. Փաստաբան
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներ Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ապօրինի են գտնվում անազատության մեջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մասսայական անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նրա խոսքով, ապօրինի են կալանավորվել նաև այն անձինք, ովքեր անազատության մեջ են հայտնվել «Սասնա ծռեր» խմբի կոնկրետ գործունեությունից դուրս գտնվելով:
«Այս անձինք որևէ գործողություն չեն կատարել, որին կհաջորդեր ոստիկանության օրինաչափ գործողությունը: Այս տեսանկյունից անհերքելի է և չեմ էլ ուզում քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, թե նրանք քաղաբանտարյալ են, թե ոչ: Իհարկե, քաղբանտարկյալ են», -հայտարարեց փաստաբան Սաֆարյանը:
Նրա պնդմամբ, այս գործերով քրեական դատավարությունն ու քրեական դատավարության մասին օրենսգիրքն անգործածելի է, քանզի բոլորի ձերբակալությունները և բերման ենթարկելու մասին զեկուցագրերը իրավական հարթության հետ աղերս չունեն:
Քաղաքական գործիչների՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքը, Սաֆարյանի խոսքով, փորձել են օրինականցնել դատարանների միջոցով, սակայն «կալանավորման մասին որոշումները ու դրանց հիմնավորումները անհեթեթ են ու մեկ կենտրոնից կողմից տրված»:
«Այս գործերով տեղաշարժի մասին խոսելն անհնար է, քանի որ ինչ կարգի միջնորդություն ուզեւմ ես ներկայացրու, միևնույն է առանց անհրաժեշտ հիմնավորման, մերժվում է, հանդիպում ես պատի: Բոլորի մոտ տպավորություն է, որ սպասում են հրահանգի, որ այս անձանց նկատմամբ իրավիճակ փոխվի», -հավելեց Սաֆարյանը:
Հայաստանի դատական ատյաններից արդարություն փաստաբանը չի սպասում, և դրանք դիտարկում է որպես քայլերը սպառելու միջոց: «Մենք պետք է պայքարենք, որպեսզի ներպետական դատական ատյաններում սպառենք մեր արդյունավետ պաշտպանությունը և մարդկանց իրավունքների ոտնահարման համար դիմենք Եվրոպական դատարան», -նշեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա առավել, քան երբեք, հասկանում եմ ազատության արժեքը. Սանասարյան
- Սանասարյանի առողջականի վատթարացման մասին տեղեկությունները իրական չեն. Պաշտպանի աշխատակազմ
- Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալները ՄԻՊ-ն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն
- Դավիթ Սանասարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. փաստաբան
- Խուրշուդյանի փաստաբանը կբողոքարկի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը