Հայաստանի հավաքականը Բոտվիննիկի գավաթի խաղարկությունում գրավեց երկրորդ տեղը
Մոսկվայում ավարտվեց աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 10 հավաքական՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ադրբեջան, Բելառուս, Ռուսաստան, Մոլդովա, Վրաստան, Ուզբեկստան և Տաջիկստան: Թիմերը բաղկացած էին 4 երիտասարդ շախմատիստներից և թիմի ավագից: Համաձայն մրցաշարի կանոնադրության՝ յուրաքանչյուր թիմի ավագ միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց հակառակորդ թիմի երիտասարդ շախմատիստների հետ: Հայաստանի թիմի ավագն էր գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, իսկ թիմի կազմում հանդես էին գալիս Արմեն Բարսեղյանը, Ալեքս Մանուկյանը, Տիգրան Ռ. Սարգսյանը և Արա Երոյանը:
Բոտվիննիկի գավաթին արժանացավ Բելառուսի հավաքականը, որն իր ակտիվում գրանցեց 46,5 միավոր: Հայաստանի հավաքականը վաստակեց 44 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Վրաստանի ընտրանին եզրափակեց լավագույն եռյակը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը: