«Ռիո-2016». Հարություն Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացել է մարմնամարզության առանձին գործիքների` նժույգթափերի վարժության եզրափակիչը։
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, հավաքելով 14,933 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավել է 7-րդ տեղը։
Այս ձևում Օլիմպիական չեմպիոն է դարձել Մաքս Վիտլոկը՝ Մեծ Բրիտանիայից։
Մերդինյանի ելույթին հետևում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։
Հարություն Մերդինյանի կարծիքով` Օլիմպիական խաղերի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային։
«Վարժության մեջ թերություններ կային, այդ իսկ պատճառով ցածր միավոր ստացա։ Եթե վարժության վերջին հատվածում պտույտը կատարեի, ապա 6,8 միավոր կստանայի։ Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի։ Բարդ վարժությունը չկատարեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ»,- Մերդինյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։