Բաթումիում փոթորիկի պատճառով արգելվում է լողալ ծովում
Բաթումիի լողափերին վաղ առավոտից բարձրացվել են կարմիր դրոշակներ, որոնք նախազգուշացնում են ծով մտնելու արգելքի մասին: Լուրը գրում է Newsgeorgia-ն՝ հղում անելով Բաթումիի բուլվարի ադմինիստրացիայի մամուլի ծառայությանը:
Նախօրեին Բաթումիում տեղացել է ուժեղ անձրև, ծովում գրանցվել է հինգ բալանոց փոթորիկ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր փոթորիկը նվազել է մինչև 4 բալ և արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ երեկոյան փոթորկի ուժգնությունը կնվազի և կկազմի մինչև 2 բալ»,-տեղեկացնում է վրացական լրատվական գործակալությունը:
Հորդառատ անձրևները փչացրել են «Նոր բուլվարի» հետիոտնային անցուղիները, ջուրը քշել-տարել է մի քանի նստարաններ, փողոցային լուսավորության սյուները ընկել են լողափին:
Քաղաքապետարանը հայտնել է, որ հատուկ ծառայությունները ստեղծված ավերածությունները առաջիկա օրերին կվերացնեն: Բնակչությունն անընդհատ ռեժիմով ստանում է ջուր, գազ և էլեկտրաէներգիա: