«Ռիո-2016». Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը պարտվել են
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կրկին պայքարի մեջ են մտել բռնցքամարտիկները։
56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանի մրցակիցն իռլանդացի Ջոն Կոնլանն էր։ Ավագյանը զիջել է 0։3 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից։
Իր հերթին՝ քառորդ եզրափակիչ դուրս չեկավ նաև Հովհաննես Բաչկովը։ 64 կգ քաշային կարգի հերթական մենամարտում նրա մրցակիցը չինացի Հու Քիանխուն էր։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 1։2 հաշվով։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` թե Արամ Ավագյանը և թե Հովհաննես Բաչկովը չեն պարտվել իրենց մենամարտերում։
«Իմ տղաներն այսօր չեն պարտվել, և ես դա չեմ ասում` որպես երկրպագու, մյուս մասնագետներն էլ են այդ կարծիքին։ Նրանք արժանի պայքար մղեցին և հավասարի պես մենամարտեցին»,- Աղամալյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։