Բակո Սահակյան. Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են
«Ազատություն» ռադիոկայանը գրում է. Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին։
«Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», - ասել է Սահակյանը։
Ղարաբաղի նախագահը ապրիլյան քառօրյա պատերազմը որակել է հայերի հանդեպ Ադրբեջանի «հայատյաց գաղափարախոսության և իշխանությունների բռնապետության արդյունք»։
Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Լեռնային Ղարաբաղի նախագահն ասել է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։
«Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են», - հավելել է նա՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին և այդ ուղղությամբ արձանագրած հաջողություններին՝ Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի ճանաչումը մոտ ապագայում շարունակվելու է ավելի մեծ հաջողությամբ՝ իր դրական հետևանքներն ունենալով Հարավային Կովկասի կայունության վրա։
«Օրինական է արդյոք աշխարհագրական մի տարածքում խմբված փոքրամասնության ինքնորոշման պահանջը» հարցին Բակո Սահակյանը պատասխանել է. - «Ինքնորոշման պահանջի իրավունք ունեն բոլոր ժողովուրդները, դա միջազգային իրավունքի հիմնական սկզբունքերից մեկն է։ Բայց այդ իրավունքը դառնում է հրամայական մի պարտականություն այն ժամանակ, երբ պետությունը, որին միացված է նա, չունի մի այլ ցանկություն, քան այդ ժողովրդին ոչնչացնելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան