ԼՂՀ նախագահը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին հանդիպել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր: Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմից:
Ըստ աղբյուրի, իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի կատարելագործմանը, անմիջական ժողովրդավարության ինստիտուտի հետևողական զարգացմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ կազմավորումից ի վեր հանձնաժողովը կատարել է ծավալուն աշխատանք ու բազմակողմանի ուսումնասիրություններ, կազմակերպել է հանրային քննարկումներ, հաշվի է առնվել սահմանադրական բարեփոխումների իրականացման՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարբեր զարգացած երկրների փորձը, եւ արդյունքում, ներկայացվել է առաջարկ, որի հիմքում ընկած է նախագահական կառավարման համակարգը:
«Հաշվի առնելով հանձնաժողովի տեսակետը, քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումը, մեր տեղեկացված լինելը բնակչության մեծամասնության կարծիքին, որն արտահայտվել է նաև վերջերս անցկացված սոցիալական հարցումների արդյունքում՝ ես ընդունում եմ առաջարկվող տարբերակը ու հավանություն եմ տալիս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և հանձնարարում եմ հանձնաժողովին` մշակել ու սահմանված ժամկետում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Հանդիպմանը ներկա են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան