Փոխգնդապետը՝ վթարի հետևանքով հոսպիտալ տեղափոխված զինծառայողների մասին
Այսօր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ընդհանուր առմամբ բուժօգնություն ստանալու համար դիմել է տարբեր կոտրվածքներ ստացած 17 զինծառայող: Նրանք հիմնականում ժամկետային զինծառայողներ են:
Այդ մասին այսօր ճեպազրույցում լրագրողներին տեղեկացրել է Կայազորային կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական ծառայության պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը:
Նրա ներկայացմամբ, վիրավորված զինծառայողների ստացած ամենածանր մարմնական վնասվածքները «տազի, ողի ազդրոսկրի վզիկի կոտրվածքներ» են:
«Մյուս հիվանդներից մեկի մոտ եղել է անրակի կոտրվածք, որը ծանր հիվանդների մեջ չի մտնում, մյուս 9 հիվանդների մոտ մաշկի սալջարդեր են մարմնի տարբեր մասերում, քերծվածք, վերքեր են: Բայց մենք նրանց պահում ենք ստացիոնար բաժանմունքում, որպեսզի առաջիկա օրերին լինեն հսկողության տակ՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար», -տեղեկացրեց փոխգնդապետը:
Նրա խոսքով, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոն է տեղափոխվել երկու զինծառայող՝ մեկի մոտ ախտորոշվել է ցայլոսկրի կոտրվածք, մյուսի մոտ՝ 12-րդ ողի կոտրվածք:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հյուսիսային ավտոկայանի մոտ Sadko մակնիշի ՊՆ ավտոմեքենան կողաշրջվել էր, ինչի հետևանքով դրանում եղած զինծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հոսպիտալ:
Հարակից հրապարակումներ`
- Հոսպիտալում գտնվող 13 զինծառայողների վիճակը բավարար է. Ա. Ասատուրյան
- Երևանում վթարի հետևանքով 16 զինվորական տեղափոխվել է հոսպիտալ